Ի՞նչ պետք է իմանալ Պսակի Խորհրդի մասին

 Պսակը Հայ Եկեղեցու յոթ խորհուրդներից է։ Այս խորհրդով տղամարդն ու կինը ստանում են Աստվածային օրհնություն, խորհրդավորապես միանում իրար եւ դառնում մեկ մարմին։ Այն ամուսնացող զույգի սիրո և հավատարմության ուխտն է Աստծո և ժողովրդի առջև։

Մեր Տեր Հիսուս Քրիստոս Պսակի խորհրդի մասին ասում է. «Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հօրը եւ մօրը ու պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը մէկ մարմին պիտի լինեն։ Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթեոս ԺԹ 46)։

Ուստի, Պսակի Խորհուրդը անլուծելի է, եւ ամուսնացողները պարտավոր են, մանավանդ կյանքի դժվարությունների ժամանակ, միմյանց համար հոգ տանել, տեր եւ պաշտպան լինել միմյանց եւ հավատարիմ մնալ մինչեւ մահ։

 

Ամուսնության համար Եկեղեցին պահանջում է հետևյալ պայմանները.

  1. ֆիզիկական և մտավոր առողջություն,

  2. չափահասության տարիք,

  3. հարսնացուն և փեսացուն մոտ ազգականներ չպետք է լինեն,

  4. փոխադարձ համաձայնություն և սեր,

  5. կրոնական նույնություն, այսինքն՝ մկրտված լինելը եւ Քրիստոսի եկեղեցուն պատկանելը պարտադիր է,

  6. Պսակը եկեղեցու մեջ պետք է կատարել, այլապես այն անվավեր է։

 

Հայ Եկեղեցում Պսակի խորհրդի ծիսակարգը եւ առանձնահատկությունները

 Պսակի խորհուրդը կատարում է քահանան՝ ժողովրդի և խաչեղբոր վկայությամբ։ Հարց ու պատասխանի միջոցով ստանալով ամուսնացող զույգի դրական պատասխանը՝ քահանան հարսի ձեռքը հանձնում է փեսային և օրհնում նրանց։ Քահանան միացնում է նաեւ զույգի ճակատները, իսկ խաչեղբայրը խաչը պահում է նրանց գլխավերեւում։

Եկեղեցին փեսային և հարսին թագադրում է կամ նարոտ է կապում նրանց ճակատին՝ խորհրդանշաբար Քրիստոսի Երկնավոր Թագավորության օրինակով հիմնելով այդ թագավորության մանրակերտը՝ քրիստոնեական ընտանիքը։

Արարողության վերջում կատարվում է գինու օրհնություն՝ ի հիշատակ Կանայի հարսանիքի, որտեղ Հիսուս Քրիստոս ջուրը գինու փոխելով օրհնեց այդ հարսանիքը և ուրախացրեց մարդկանց (Հովհաննես  Բ 1–11)։ Պսակվող զույգն ի նշան իր կատարյալ միության նույն բաժակից ճաշակում է օրհնված գինին։

 

Պսակադրության օրը պարտադիր է ունենալ 

  1. Մատանիներ

  2. Պսակի մեկ կնքահայր (խաչեղբայր) եւ մեկ կնքամայր (վերջիններս պարտադիր կերպով պետք է մկրտված քրիստոնյաներ լինեն)

 

 Ի՞նչ պետք է անել մեր մայր եկեղեցում Սուրբ Պսակի արարողություն կազմակերպելու համար 

  1. Կապվել քարտուղարություն՝ պայմաններին ծանոթանալու, օրը և ժամը գրանցելու համար,

  2. Լրացնել քարտուղարության կողմից ուղարկված հարցաշարը,

  3. Առնվազն մեկ կամ երկու ամիս առաջ ժամադրվել եւ հանդիպել հոգեւոր հովվին՝ Պսակի խորհրդին պատրաստվելու համար։