Ի՞նչ պետք է իմանալ Մկրտության խորհրդի մասին

 Մկրտությունն անձի հոգեւոր ծնունդն է, որով նա դառնում է քրիստոնյա եւ Եկեղեցու անդամ՝ մաքրվելով սկզբնական՝ ադամական մեղքից։

Մկրտվողը դառնում է Հայր Աստծո որդեգիրը, Քրիստոսի ժառանգակիցը, ընդունում է Սուրբ Հոգին՝ դառնալով Սուրբ Հոգու տաճար։
Մկրտությունը հոգեւոր փրկության գրավականն է, ինչպես վկայում է մեր Տեր Հիսուս Քրիստոս Հովհաննու ավետարանում՝ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել․․․»։ (Գ 5)

 

Հայ Եկեղեցում մկրտության առանձնահատկությունը

Հայ Առաքելական Եկեղեցին, ըստ հնավանդ սովորության, Մկրտության հետ միաժամանակ կատարում է երկու այլ խորհուրդներ՝ Դրոշմ եւ Հաղորդություն։

Մկրտությունից անմիջապես հետո քահանան Սուրբ Մյուռոնով դրոշմում է նոր մկրտվածին։ Դրոշմի միջոցով Եկեղեցին մկրտյալին է փոխանցում Սուրբ Հոգու մասնավոր շնորհները, որոնց շնորհիվ նա հնարավորություն է ստանում ապրել ճշմարիտ քրիստոնեական կյանքով։

Այնուհետեւ մկրտյալն ընծայվում է Սուրբ Խորանին եւ ստանում Սուրբ Հաղորդություն։ Հաղորդությունը Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության խորհուրդն է։ Այսպիսով, նոր մկրտյալն առաջին անգամ հաղորդվում է Քրիստոսի խորհրդական մարմնին եւ արյանը։

Հայ Եկեղեցում ընդունված է մկրտությունը կատարել մանկան ծննդյան 8-րդ օրվանից սկսած։ Հոգևոր ծննդի առթիվ հաճախ մկրտվողին տալիս են նոր՝ քրիստոնեական անվանում։

 

Մկրտության կարևոր պայմաններն են՝

  1. Մկրտյալի (եթե անչափահաս է՝ ծնողների) հավատքն առ Սուրբ Երրորդություն՝ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված,

  2. Ծանոթությունը Հայ Եկեղեցու դավանանքին եւ մկրտությանը ապաշխարողական ոգով մասնակցությունը,

  3. Հավատավոր և մկրտված կնքահայր ունենալը՝ որպես երեխայի հոգևոր դաստիարակության երաշխավոր։

 

 

Մկրտության ծիսակարգը

Մեր Եկեղեցին պահպանել է մկրտության նախնական ձևը։ Տերունական աղոթքից հետո տեղի է ունենում չարից հրաժարման կարգ (դեմքով դեպի արևմուտք), այնուհետև հավատի համառոտ խոստովանություն, ինչից հետո աղոթքների և շարականների ուղեկցությամբ մոտենում են մկրտության ավազանին։

Մկրտությունը կատարվում է ավազանի մեջ երեքանգամյա ընկղմամբ՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով (մեծահասակների պարագայում կատարվում է լվացում և հեղում Սուրբ Երրորդության անվամբ)։

Հոգևորականի հարցին, թե ի՞նչ է խնդրում երեխան, կնքահայրը երեք անգամ պատասխանում է՝ «Հավատք, հույս, սեր և մկրտություն. մկրտվել և արդարանալ. սրբվել մեղքերից, ազատվել դևերից եւ ծառայել Աստծուն»:

 

Մկրտության օրը ցանկալի է ունենալ՝

  1. Հայկական խաչ

  2. Սպիտակ և կարմիր թելերից հյուսված վզնոց՝ նարոտ

  3. Ճերմակ սրբիչ

  4. Երկու մոմ

 

 

Ի՞նչ պետք է անել մեր մայր եկեղեցում Մկրտության արարողություն կազմակերպելու համար

 

  1. Կապվել քարտուղարություն՝ պայմաններին ծանոթանալու, օրը և ժամը գրանցելու համար,

  2. Լրացնել քարտուղարության կողմից ուղարկված հարցաշարը,

  3. Առնվազն մեկ կամ երկու ամիս առաջ ժամադրվել եւ հանդիպել հոգեւոր հովվին՝ Մկրտության խորհրդին պատրաստվելու համար։

 

Pour nous contacter voir ci-dessous